Երբ խորհրդարանական քառօրյայի օրերին ամեն առիթով «հրաձգություն» էր տեղի ունենում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև, թվում էր՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մեջ ինչ-որ կարևորություն, պատմականություն կա: Համենայն դեպս, ՀԱԿ ու ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները մեծամասնության դեմքին շպրտում էին, թե՝ անտեսեք մեր պահանջները, բայց կտեսնեք, թե հոկտեմբերի 24-ին ինչեր ենք անելու:
«Գործողությունների» հանրահավաքի օրը եկավ:
Արտաքուստ ոչ մի արտառոց բան չկար, մանավանդ որ մասնակիցները համարյա նույն քանակի էին, նույն համամասնությամբ, տարբեր տրամադրություններով ու մոտիվացիայով: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի սակավաթիվ կողմնակիցներին հրապարակ է բերում «Հիմա»-ի սպասումը, ապա ԲՀԿ-ի էլեկտորատը չունի այդ սպասումն ու էմոցիան, էներգետիկան, հեղափոխականությունը. նրանք գալիս են «աշխատանքի»՝ սեփական բարեկեցության, իրենց ընտանիքների հացն ապահոված շեֆի խաթեր:
Հրապարակի այս բազմազանությունը նաև հարթակ է բարձրանում, դառնում է լիդերների տարբերվող հռետորաբանություն:
Դա ավելի ցայտուն երևաց վերջին հանրահավաքում, որում առհասարակ չպարզվեց երեք առաջնորդներից յուրաքանչյուրի ուզածը, ելույթների ուղերձը:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն էլի ամենածրագրայինն էր՝ չնայած անհամ կատակներին, Ծառուկյանի հանդեպ խոնարհումներին ու ռուսներին տված կրկնակի հավատարմությանը: Առաջին նախագահը պարզ խնդիր է լուծում՝ դա քողարկելով բարդ նախադասությունների ենթատեքստում, անեկդոտների մեջ: Ընդ որում, այդ խնդիրն ուղղված է ոչ թե ներքին սպառմանը, այլ ռուսական շահերի սպասարկմանը: Դրա համար էր, որ վերջին հանրահավաքում ՀԱԿ նախագահը պահանջում էր ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ եռյակին չմիացած «մարգինալների» հրաժարականը:
Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրել է իրականության զգացումը. նա հարթակ է բերում հակասությունների մի ամբողջ կծիկ՝ իր ու եռյակի մյուս առաջնորդների, սեփական կուսակցության ներսում եղած: Նա փորձում է պահպանել իր քաղաքական այցեքարտը՝ գործընկերներին չնեղացնելով, փորձում է ցույց տալ իր արմատականությունը՝ հարթակում ոչինչ չորոշելով:
Ծրագրային ելույթ էինք սպասում, որը պետք է հնչեր Գագիկ Ծառուկյանի շուրթերից:
Ակնհայտորեն չստացվեց, որովհետև նրա բանավոր խոսքն ավելի անկեղծ, անմիջական էր ու ժողովրդին հասանելի, քան «նազիր-վեզիրների» կազմած գրավոր տեքստը, որը ԲՀԿ առաջնորդն ընթերցեց մեկ շնչով՝ առանց էմոցիայի, շեշտադրումների։
Այնքան գովազդված «ճանապարհային քարտեզի» ոչ երթուղին իմացանք, ոչ կանգառները: Միայն իմացանք, որ մարզերում միասնական շտաբներ են ձևավորվելու: Սա մեր ընդդիմության սիրած մարտավարությունն է, երբ պարզվում է, որ Երևանում հստակ անելիք չունի:
Ժամանակ են շահում՝ մինչև «դրսերի» հետ հարցեր
ճշտեն, իշխանությանը բացահայտ ու քողարկված մեսիջներ ուղարկեն:
Բայց միասնական շտաբների գաղափարը լավն է: Հեղափոխություն գուցե չտեսնենք, բայց ԲՀԿ-ն՝ այդ շտաբների ցուցանակների ստվերում, կլանելու է ՀԱԿ-ի ու «Ժառանգության» փոքրաթիվ համակիրներին: Գուցե այդ ժամանակ հարթակում իսկապես սպասված միասնությունը լինի՝ մեկ կուսակցության դրոշով, մեկ թագավորով՝ իր «նազիր-վեզիրներով»։
Իսկ Ազատության հրապարակը շարունակում է դատարկ մնալ՝ կարոտով սպասելով իր ուշացող տերերին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ